Ռուզան

Երեք Մարգունի քույրիկներից փոքրը:

Էս նկարում (1966թ. մայիս) ես և 7 ամսական եմ, Ռուզանն էլ` 24 տարեկան

Էս նկարում (1966թ. մայիս) ես և 7 ամսական եմ, Ռուզանն էլ` 24 տարեկան

Ռուզանը ոչ միայն իմ առաջին կենդանի խաղընկերն եր, այլև գեղեցկության իդեալը: Մամայիս գեղեցկությունը ես երկար ժամանակ չէի ընկալում: Մաման մամա էր, մաման վեր էր ամեն տեսակի չափանիշներից ու դասակարգումներից: Իսկ Ռուզանին շատ էի հավանում: Նա եղել ա իմ առաջին, ու բավականին երկար տարիներ միակ բնորդը: Քանի-քանի Ռուզան ունեի նկարած, մեկը մյուսից Ռուզան: Ընտանեկան առասպելների համաձայն, երբ տատիկենց տանն էինք մնում ու Ռուզանը մտնում էր լողանալու, ես, իմ փոքրիկ աթոռակն առած, մտնում էի հետևից լողասենյակ, նստում դիմացն ու ուշադիր նայում՝ սկզբից մինչև վերջ: Ամենայն հավանականությամբ, Ռուզանն էլ դեմ չէր։ Ընդհանրապես, ըստ ամենայնի, ինքն էլ էր բավականին գոհ իր արտաքինից, որովհետև տատիկենց երկար ճաշասեղանի շուրջը, որ նստում էինք ճաշելու, ինքը միշտ նստում էր մեր չքնաղ սև հայելու դիմաց և երազկոտ հայացքով նայում սեփական արտացոլանքին։

էս նկարի անկյունում հենց էդ հայելին ա, բայց, ավաղ, արդեն «իր հարազատ հողից կտրված», տատիկենց տունը վաճառելուց հետո` մեր Բաղրամյան պողոտայի բնակարանում, լրիվ կոնտեքստից դուրս:

էս նկարի անկյունում հենց էդ հայելին ա, բայց, ավաղ, արդեն «իր հարազատ հողից կտրված», տատիկենց տունը վաճառելուց հետո` մեր Բաղրամյան պողոտայի բնակարանում, լրիվ կոնտեքստից դուրս:

Ռուզանի մեջ ինձ նաև շատ գրավում էր իր Փոքր սենյակը։ Եվ Փոքր սենյակի գրապահարանը, որ լի էր անչափ գրավիչ գրքերով, որոնցից ես, թեև դեռ գլուխ չէի հանում, բայց որոնք, այդուհանդերձ, շատ խոստումնալից տեսք ունեին։

Բացի դրանից Ռուզանը տարատեսակ գժությունների ու զավեշտալի «անջատվածությունների» անսպառ աղբյուր էր, ինչն ինձ անսհման հրճվանք էր պատճառում: Ես առիթը բաց չէի թողնում հիշեցնել դրանք նրան և «գիժ» պիտակել: Իսկ երբ մի քիչ մեծացա, հավեսով ու մեծ հպարտությամբ պատմում էի այդ առասպել դարձած դրվագները բոլոր ընկերներիս ու ծանոթներիս:

Այդ պատմություններից ամենահայտնին ու բոլորի կողմից սիրվածն, իհարկե, Ռուզանի աղբ թափելու պատմությունն է: Քեզ էլ պատմեմ, սիրելի ընթերցող ջան, մեկ էլ տեսար լսած չկաս: 

Ուրեմն, մի օր Ռուզանը գիշերը մնացել էր մեր Բաղրամյանի տանը: Էն թվերին էլ աղբը հատուկ աղբատար մեքենաներ էին հավաքում: Գալիս էին բակդ ու զանգ խփելով ազդարարում, որ մարդիկ իրենց աղբն իջեցնեն, թափեն աղբատարի մեջ: Հրաշալի սիստեմ էր, ըստ իս, միակ խնդիրն այն էր, որ մենք բոլորս քնել շատ էինք սիրում, իսկ էդ անտեր աղբատարը առավոտ շատ շուտ էր գալիս, թարսի պես: Ու Ռուզանը որոշեց մեզ լավություն անի, աղբը ինքը տանի թափի, որ մենք վեր չկենանք: Գիշերանոցի վրա գցեց մուշտակը, մազերի «բիգուդիները» գլխին, դույլերը ձեռքն առավ ու, բոբիկ ոտքերը ձմեռային կոշիկների մեջ մտցնելիս, մտածեց, թե բա. «խեղճ մարդիկ, որ ամեն առավոտ ստիպված են էսպես շուտ վեր կենալ ու աշխատանքի գնալ»։ «Ի՛նչ լավ է, որ ես ստիպված չեմ ամեն առավոտ վեր կենամ, գնամ գործի»,-  էսպես մտածեց քնաթաթախ Ռուզանը ու… գնաց գործի։ Գիտությունների Ակադեմիա։ Որը, բարբախտաբար գտնվում էր հենց նույն փողոցի վրա, մի քիչ ներքև։ Հասնելով Ակադեմիայի խաչմերուկի անցումին, Ռուզանը մի պահ վայր դրեց դույլերը, որ շունչ քաշի, ու էստեղ հասկացավ, թե ինչ է կատարվում։ Աղբով լի դույլերը՝ ձեռքին, բիգուդիները՝ մազերին, մուշտակը գիշերանոցի վրայից, բոբիկ ոտքերը հազիվ ծածկած, Ռուզանը լեղապատառ վազեց հետ։ Մամաս էլ էդ ողջ ընթացքում անհանգիստ սպասում ա, թե լավ՝ էս աղջիկն ի՞նչ եղավ, «զիբիլի» ավտոն արդեն վաղուց գնացել ա… Վերջը դուռը բացվում ա ու ներս ա մտնում շնչակտուր Ռուզանը, ձեռքին աղբով լի դույլերը… 

Ինքը Ռուզանը միշտ պնդում էր, որ դա ոչ թե «անջատվածության» նշան է, այլ հակառակը՝ ծայրաստիճան «կենտրոնացման»։ Թերևս նա իրավացի է։ Բայց դա բան չի փոխում, նման փառահեղ դրվագները իմ սիրտը լցնում էին ճշմարիտ հրճվանքով ու հպարտությամբ։