Շատ ափսոս, որ չի մնացել Փոքր սենյակի և ոչ մի նկար։ Բայց դե միևնույն է չեմ կարող առանձին կտորիկ չհատկացնել Փոքր սենյակին։ Դա Լալայանց փողոցի վրա Դերասանների շենքում գտնվող տատիկենց երեք-սենյականոց բնակարանի sanctum sanectorum-ն էր։ (Չգիտես ինչու, միշտ ասում էինք՝ Տատիկենց տուն, և ոչ թե պապիկենց։ Երևի, որովհետև հենց տատիկն էր իրավամբ տան տիրուհին)։
Իսկ Փոքր սենյակի տիրուհին Ռուզանն էր։ Միգուցե հենց Ռուզանին էլ խնդրենք, որ բացի այդ մագնիսի պես ձգող, խորհրդավոր սենյակի դուռը։ Բայց դե Ռուզանին գործի դնելը հեշտ չի: Աչքիս, ստիպված ես սահմանափակվել իմ սահմանափակ տեղեկություններով, սիրելի ընթերցող:
Ուրեմն, Փոքր սենյակը իմ իդեալական կացարանի տիպարն էր։ Ինչի՞ են երեխաներին ու կատուներին այդքան գրավում փոքրիկ փակ տարածքները։
Բոլորին էլ երևի ծանոթ է այն հրաշալի զգացողությունը, երբ գլխով մտնում ես վերմակի տակ ու հայտնվում քո սեփական աշխարհում։ Բրիտանացի գիտնականների պնդմամբ, դա որոշակի ապահովության զգացողություն է առաջացնում երեխաների մոտ, արտաքին աշխարհի անկանխատեսելի վտանգներից պատսպարվելու պատրանք, և այլն։ Բայց միայն դա չէ, հաստատ։ Փոքր տարածքը հեշտ է տնօրինել, հեշտ է գրավել, քեզանով անել, փոխակերպել ըստ քո կամքի, ճաշակի, երևակայության քմահաճույքի։ Այն հեշտ է վերածել քո անձնական կախարդական ամրոցի։ Նման մի զգացողություն ունեի Ռուզանի Փոքր սենյակ մտնելիս։ Սա, անկասկած, Ռուզանի և որոշ չափով նաև նրա քույրիկների ամրոցն էր, պաշտպանված տան մնացած տարածքից հատուկ մոգական հմայությամբ։ Այո, ո՜չ տատիկը, ո՜չ էլ հատկապես պապիկն այստեղ մուտք չունեին։ Եվ քույրիկները կարող էին այստեղ անկաշկանդ ծխել, սուրճ խմել, քննարկել իրենց սիրային կյանքի նորությունները, և ընդունել իրենց տարատեսակ, պապիկի կողմից ոչ միշտ ընդունելի, ընկերներին։ Նկարիչներ, դերասաններ, փիլիսոփաներ, երժիշտներ, գիտնականներ և պարզապես անդասակարգելի գժեր, ծխի մեջ պարուրված իմաստակում էին աշխարհի ամենախորհրդավոր խորհուրդներից: Ես շատ էի սիրում մխրճվել մի անկյունում ու ականջ դնել, բայց հաճախ ծխին չէի դիմանում ու ստիպված էի տեղի տալ մեծերի հորդորներին ու հեռանալ դեպի տաղտկալի առօրյան:
Եվ, որ էսօր մտածում եմ, թե մենք Սովետի հետ ինչ-որ բան կորցրել ենք, ապա, ըստ իս, ամենազգալի կորուստը այդ ոսկե «փթած ինտելիգենցիայի» բեղմնավոր, բայց և անպտուղ պարապության մթնոլորտն էր: Ինչպիսի՜ հարստություն ու շռայլություն... Մոգական իր էության մեկ այլ ապացույցն այն էր, որ Փոքրիկ սենյակը, իսկապես չափազանց փոքրիկ լինելով հանդերձ, ի վիճակի էր իր մեջ զետեղել անթիվ քանակությամբ մարդկանց, կարծես Մերի Փոփինսի հայտնի պայուսակից լիներ: Նեղլիկ թախտ, գրասեղան, իմաստուն ու անչափ հրապուրիչ գրքերով լի գրահապահարան, ծայրաստիճան անկայուն սկուտեղ-սեղանիկ, որի վրա զգուշորեն դրված երկրորդ սուրճի բաժակը անխուսափելիորեն շուռ էր գալիս… ու վերջ:
Սրա նման մի բան, բայց կարծեմ ընդհամենը եռոտանի, գուցե հետո ավելի ճշգրիտ պատկերը գտնեմ ցանցում
Թվում էր, թե դրանից ավել ոչինչ չի կարող տեղավորվել, բայց արի ու տե՛ս…
Այդ հարմարավետ փոքրությունը, հրաշալի կարմիր նախշերով պաստառները ու հին ու նոր գրքերի հոտը շատ տրամադրող էին։ Մարդ ուզում էր նստեր էնտեղ՝ կարդար ու գրեր, կարդար ու գրեր։ Դե Ռուզանն էլ «ազատ» ժամանակ հենց դրանով էր զբաղված, կարդում էր ու գրում։ «Ռուզաննան պարապում է»,- հարգալից շշուկով հայտնում էր Տատիկը, երբ ինչ-որ մեկը փորձում էր այդ կարևոր պահերին շեղել նրան իր գործից։