Միջնեկ «մարգունիշկան»: Չեմ հիշում հիմա, ով էր էդպես կնքել երեք Մարգունի քույրիկներին:
Մառայի հետ կարգին նկար չունեմ ոնց որ: Էս մեկը` բոլոր երևանցի մանուկների համար պարտադիր Կարապի Լճում, էդքան էլ բան չի երևում ոնց որ, բայց դե դնեմ այդուհանդերձ: Էս տարիքում էր ինքն ինձ հետ ամենաշատը զբաղվում, մինչև Գոհարիկի ծնվելը: Հիշում եմ, եթե մնում էինք միասին տատիկենց տանը, իսկ դա շատ հաճախ էր պատահում, երբ մեր մոսկովյան շրջանում գալիս էինք Երևան, ինքն էր ինձ առավոտյան արթնացնում “Капитан, капитан, улыбнитесь” երգելով, ու ես էդ արարողությունը շատ էի սիրում:
Հագուկապիս հեղինակը, հաստատ, տատս ա եղել: Հանկարծ երեխան չմրսի… Որ չմրսելու համար մարդ պիտի շարժվել կարողանա, դա տատիկին անհեթեթություն էր թվում, երևի։
Եվ թեև Մառային շատ սիրում էի և ունեի հետը շփվելու նմանատիպ արարողությունների մի շարք, մարդավարի խաղալ հետը չէր լինում, որովհետև ինքն ապրում էր իր սեփական աշխարհում։ Որի մեջ ես իմ աշխարհով այդքան էլ լավ չէի տեղավորվում։ Այդ աշխարհ տելեպորտացվելու համար նրան անհրաժեշտ էր ընդամենը մի բաժակ սուրճ ու ծխախոտ։ Ու ինքը տատիկենց տան Փոքր սենյակում նստած կլանում էր դրանք մեկը մյուսի ետևից, ժամանակ առ ժամանակ ընդմիջելով դա սուրճի գավաթի մեջ իր այդ երանելի աշխարհի խորհրդավոր և միշտ խոստումնալից նշանները վերծանելով։