Նկար Յուլիա Կիսինայի Cabaret Wuhan 2020 շարքից
Ինչպես տարիներ առաջ, հեռավոր Տասմանիայում Լիլիթի ու նրա ամերիկացի գործընկերների հետ, վիսկի քաշելով, զրուցում էինք մարդկության ճակատագրերի մասին, և թե էդ ինչ պիտի պատահի, որ հանկարծ մարդկությունը «հասունանա» ու դադարի իրար միս ուտելը: Ու ես առաջարկեցի, որ միայն արտաքին հզոր մի թշնամի պիտի հայտնվի (վա՛յ, մամա ջան, էս լինքը հանկարծ բաց չթողնեք), որ մենք բոլորս կարողանաք միանալ ու մոռանալ մեր բոլոր տարաձայնություններն ու կռիվները: Այլ տարբերակ չէի տեսնում, և նրանք էլ հետս, կարծես, համաձայնեցին: Ես, իհարկե, հիպոթետիկ այլմոլորակայինների նման մի բան էի պատկերացնում, բայց էս անտեր թագաժահրը ինչո՞վ ա այլմոլրակայինից պակաս։ Համա թե ես, ավաղ, սխալ գտնվեցի ու մարդկության կտրուկ փոփոխության առանձնապես ոչ մի միտում չի նկատվում առայժմ:
Ես էսպես էի դատում. մարդու բնությունն ա էդպիսին, ինքն ուզում ա ամեն գնով ապացուցել ինքն իրեն և/կամ ուրիշներին իր արտակարգությունը, իր եզակիությունն ու անկրկնելիությունը, մի տեսակ արդարացնել իր գոյությունը։ Համենայն դեպս մարդկության զարգացման այս փուլում մենք այդ մեր թանկարժեք էգո-ից ազատվելու ոչ մի միտում որպես կոլեկտիվ միավոր առայժմ չենք ցուցաբերում։ Կան, իհարկե, բացառություններ՝ անհատներ, համայնքներ, հաստատություններ, որոնք շարժվում են էգո-ի կապանքներից ազատվելու ուղղությամբ։ Բայց դրանք բացառություն են, և, համենայն դեպս, առայժմ որևէ շրջադարձային դեր չեն խաղում, ինչպես տեսնում ենք։ Սա է, իմ կարծիքով, հիմնական շարժիչ ուժը, որ դրդում ա մարդկանց, ընտանիքներին, ազգերին ու ցեղերին իրար միս ուտել։ Մենք ուզում ենք, որ մեզ սիրեն, ցանկալի է` հիանան, թե չեն հիանում` գոնե հարգեն, չեն հարգում` գոնե վախենան, ասել է թե մարդու տեղ դնեն։ Մենք եզակի ենք, մեր գոյությունը իմաստավորված է, իսկ եթե դուք դա չեք տեսնում, դուք բոբո եք, կամ դեբիլ։ Ե՜ս, ի՜մ ընտանիքը, ի՜մ գենը, ի՜մ ազգը, ի՜մ կրոնը, ի՜մ երկիրը… Այդպե՞ս չեն, արդյոք, ծնվում ու սնվում տարատեսակ մեծ ու փոքր ինքնիշխանությունները։ Էս տրամաբանությամբ էի առաջնորդվում, երբ առաջարկեցի արտաքին փրկարար վտանգի իմ այդ թեզը։ Բայց դե, արի ու տես, էդ էլ չաշխատեց ոնց որ թե։ Թերևս, թագաժահրը անտեսանելի է, ուստի բավականաչափ համոզիչ չէ, և մենք ոչ մի կերպ չենք կարող այն ընկալել որպես իրական գլոբալ վտանգ։ Բացի դրանից այն բավականաչափ «արտաքին» չէ, համենայն դեպս, այդպիսին չի ընկալվում, և մենք էլի մեղավորներ ենք փնտրում մեր մեջից։ Ապիկար կառավարություն, անուղեղ զանգված, Բիլ Գեյթս, վերջապես… Ուֆ դե լավ էլի, գնացի քնեմ։