Հասմիկ Մարգունի
(1936-2018)
1977 թ., իհարկե` Կարապի լիճ
Միշտ ձեռքս կիսաանջատված էր բռնում, թույլիկ, ու ես շատ էի ջղայնանում ու հա պահանջում, որ կարգին սեղմի: Ծիծաղում էր, մի պահ սեղմում, հետո էլի անջատվում, թուլացնում:
Համբուրել էլ կարգին չէր կարողանում… էն որ վազելով գալիս ես, փաթաթվում, որ մի կարգին պաչիկ ստանաս, ինքը միշտ թռուցիկ ականջս էր համբուրում, զրնգոցով, կիսակատակ, ու ես խլանում էի ու էլի շատ ջղայնանում: Դեմքին էլ միշտ կիսահեգնական, թերահավատ ժպիտ էր, երբ ես ամուր գրկում էի ու գազանավարի պաչպչում. «հա-հա-հա… չէ մի չէ...»... իբր կապիկություն եմ անում, ու իսկական սիրելը համբուրվելով չի: Հա լավ, հասկացանք, դժգոհում էի, բայց համբուրվելը հո չի խանգարում… Իսկ ես, հակառակը, միշտ ուզում էի ամուր գրկեի ու բաց չթողնեի: Ամեն հրաժեշտը` ողբերգություն էր: Բա ո՞ր հետ չգա…
Հինգ տարեկան էի ու ինքը առաջին անգամ առանց ինձ էր Մոսկվա գնում։ Ես մնում էի տատիկիս ու մորաքույրներիս վրա։ Գրկել էի օդանավակայանում ու չէի ուզում բաց թողնել, չէի հասկանաում, ոնց կարող էր այդպես դավաճանել… Տարիներ հետո նոր հասկացա, թե ուր էր գնում։ Նոր էր լսել պապայիս կալանքի մասին լուրը… Բայց չէ... ամեն բան հո էստեղ քեզ չեմ պատմի… Ասեմ միայն, իսկ դու ինձ հավատա, որ շատ-շատ ուժեղ էր իմ այդ «անջատված», եթերային ու այլաշխարհիկ մաման։
Ավելի լավ ա սիրուն մամայիս նկարներից դնեմ մի քիչ։
Բայց ոչ միայն սիրուն էր, այլև շատ խելոք։ Ու էդ միայն ես չեմ ասում, էդ ասում էին նրան ճանաչող շատ ու շատ խելոք մարդիկ։ Իսկ նա իր ժամանակի շատ ու շատ իսկապես խելացի ու տաղանդավոր մարդկանց հետ ա շփվել։ Հիշում եմ, մի անգամ Լևոն Ներսիսյանը իր հաստ, թատերական ձայնով մի տեսակ, չգիտես ինչի, զայրացած բամփեց. «Դու գոնե հասկանում ես, թե ինչքա՛ն խելացի է մայրդ»։ Կարծես, մեղադրեր ինձ։ Ես երևի չէի էլ մտածում դրա մասին։ Մամաս էր։ Իր աշխատանքին միշտ կիսա-հումորով էի վերաբերում։ Հիշում եմ ոտքերը միշտ տակը ծալած, գրքերով շրջապատված նստած անվերջ գրում էր, գրում… Գրականագետ… էդ իբր ի՞նչ ա է… Պուճուր ժամանակ իմ սիրված զբաղմունքներից մեկն իր օրինակին հետևելով՝ թղթեր մրելն էր։ Քանի-քանի սպիտակ, մաքուր թուղթ եմ խզբզել, իբր «գործ» եմ անում։ Էստեղ կարելի էր նաև հիշատակել, որ պուճուր Սոնան, անշուշտ, անտանելի գրամոլ էր և այդ մոլուցքը ցուցանող լիքը զվարճալի անեկդոտներ հիշել, բայց հիմա հավես չկա։
Էլի շեղվեցի… Ուրեմն, խելոքն՝ ասեցի, սիրունը՝ տեսաք… բա ինչքա՛ն անսպասելի թաքնված տաղանդներ ուներ…
Օրինակ, ում տնազն ասես կարող էր անել... հասարակ մի բան էր պատմում մեկի մասին, էդ մեկի ասածը միշտ էնպես էր մեջբերում, որ էդ մարդը միանգամից աչքիդ առաջ էր գալիս։ Ախր էդ տնազ էլ չէր, ոչ մի միտումնավոր նմանակելու ջանք չկար… Մի տեսակ «ձեռքի հետ», թեթև...
Նաև ուներ զարմանալի քթի ծակ։ Մի բան, որ, ինձ թվում ա, որոշ չափով իրենից ժառանգել եմ։ Բայց իրեն, իհարկե, չեմ հասնի։ Քթի ծակը ենթադրում ա նաև սուր հոտառություն։ Անվրեպ կռահում էր իմ բոլոր ընկերուհիներիս գաղտնի սերերը, ինչը նրանցից շատերին սարսափեցնում էր, հեհե։ Եվ, անշուշտ, հիացնում; Այն ինչ կարող էր ամիսներով, եթե ոչ տարիներով ապահով թաղված ու թաքնված լիներ իրենց ամենամտերիմներից, չէր կարող վրիպել մամայիս ամենատես աչքից։
Մոգական ու կախարդական ուժեր էլ ուներ, այո։ Բայց դա էլ էր թեթև, «ձեռքի հետ»։ Գիտեր, որ ունի, բայց մի տեսակ չէր օգտվում դրանցից։ Վստահում էր, բայց չէր օգտվում։ Երազները, բնազդը, պայծառատեսության հասնող ինտուիցիան… Ժամանակին նույնիսկ անուն էր հանել Անդրեյ Տարկովսկու համար սպիրիտիկ սեանսում «մեդիումի» իր փայլուն դերակատարությամբ։ Պատմում էր, որ Տարկովսկին հերթով կանչում էր իր սիրված պոետների հոգիները, իսկ մամաս, որն ի սկզբանե կիսակատակ էր մոտենում էդ ամենին, ինքն իր վրա շշմել էր, թե ինչպես են պատասխանները իրենք իրենց դուրս պրծնում մեջից, ընդ որում հաճախ պոետիկ տեսքով։ Ասում էր, Տարկովսկին, սարսափից պատին էր կպել։ Այդ սեանսի մասին հետո առասպելներ էին հյուսվում, որովհետև Պաստերնակը մամայիս շուրթերով փաստորեն կանխագուշակել էր, թե քանի կինոնկար է հանելու Տարկովսկին։ Տարկովսկու մեմուարներում էլ կա էդ դրվագը, ճիշտ ա մամայիս անունը չի նշում։ Ասում է Բորիս Լեոնիդովիչ, ինչը նույնիսկ ավելի տպավորիչ ա, փաստորեն համոզված էր, որ մամաս չէր խոսացողը, այլ հենց Պաստերնակը։