Էլեոնորա Սուքիասյան
(1915-2002)
Թե որ թվին էր տատս ծնվել, դա, իրականում, մեծ առեղծված ա, քանի, որ, ըստ ընտանեկան առասպելների, նա մի քանի տարով երիտասարդացրել էր իրեն, անձնագիր հանելուց։ Ազգականներից ոմանք բուռն դիմադրում էին, փորձելով համեմատությունների և փաստարկների միջոցով համոզել նրան, որ դա անհնար է, որ նա չի կարող նույն տարիքին լինել ինչ իր քրոջ տղան։ Բայց նման պարզունակ գծային մտածելակերպը չէր կարող համոզել տատիս նման մարդուն։
Խեղճը, մեռավ ինձ խնդրելով, որ օգնեմ իրեն մեր տոհմածառը նկարել մեծ թղթի վրա: Ես հա խոսատանում էի ու հա հետաձգում: Հիմա էլ երևի թե մարդ չի մնացել, որ իմանա ով ում բարեկամն էր: Ինքը շատ լավ գիտեր ու դա իր համար շատ-շատ կարևոր էր: Ամբողջ կյանքը հուշեր էր գրում իր անընթեռնելի ձեռագրով: Ինչքա՜ն զարմանալի ու ֆանտաստիկ պատմություններ եմ լսել իրենից: Ի՞նչն էր ճիշտ, ի՞նչն էր հորինված, կարևոր չի… Վերջին տարիներին, սկսեց էդ հուշերը «խմբագրել», ու երբ մամաս, տատիկի մահից հետո, բացեց մանր ձեռագրով լցված ու ջնջրտած տետրերը, արդեն, ավաղ, փրկելն ուշ էր:
Էս էլ տատիս հայտնի «Դլե Յամանը».
https://soundcloud.com/sona-babajanyan/tatik-dle-yaman/s-WHbTWAhohZw
Երգել շատ էր սիրում: Լավ հիշում եմ, որ երբ ազատ պահ էր գտնում, նստում էր պատշգամբի թախտին, երգարանը ձեռքն առած ու հերթով երգում բոլոր ողբերգական երգերը: Էստեղ երգարան չկար ձեռքի տակ, խոսքերը լրիվ խառնած, անկապ-անկապ երգում ա: Բայց շատ սրտանց ա երգում, է՜… Հետաքրքիր բան ա ձայնը: Միանգամից աչքիդ առաջ ա բերում մարդուն...
Դե տատս ամբողջ հոգով դերասահանուհի էր: Տրագիկ դերերի, անկասկած: Թեպետ Պատանի հանդիսատեսի թատրոնում, կարծես, մեծ մասամբ տրավեստի դերեր ա կատարել: Էդպես եմ լսել, բայց որ էս նկարին նայում եմ՝ հիմնականում կանայք են։
Ես նրան, ավաղ, բեմում չեմ տեսել։ Թատրոնը շատ շուտ էր թողել, դե երեք երեխայով մի քիչ դժվար կլիներ: Բայց էդ չիրականացված կիրքը մեջը եռում էր մինչև վերջ: Ինքն ընդհանրապես անընդհատ եռում էր: Ֆանտաստիկ տիպ էր, իհարկե, աներևակայելի էներգիայի տեր: Համառ, խրոխտ, անչափ սրտացավ ու անձնվեր։ Ճշմարիտ հեղափոխականի կերպար: Բա 88-ի հեղափոխական օրերին պիտի տեսնեիք, թե ինչ բուռն գործունեություն էր ծավալել, միշտ առաջնային դիրքերում, նույնիսկ ռուսական տանկի դեմն էր դուրս եկել փակելու…
Երբ ծնվեց տղաս, նա հավատարիմ այդ թվերին շատ տարածված պայքարի մեթոդներին, դիմեց հացադուլի, և ես, մոտ տաս օր դիմադրելուց հետո, ստիպված եղա տեղի տալ ու անվանեցի նրան Վաղինակ։ Որ ազգանունը Պեստով էր, դա նրան չէր կանգնեցնում, նա պատրաստ էր շարունակել պայքարը և փոխել ոչ միայն Վաղինակիս ազգանունը, այլև նրա հոր հայրանունը։ Ազնիվ խոսք։ Բայց գործը դրան չհասավ։