Պապա

Ռևիկ Բաբաջանյան

(1936-1988)

Էս նկարում, ըստ ընտանեկան առասպելների, երկուսս էլ հիվանդ ենք:

Էս նկարում, ըստ ընտանեկան առասպելների, երկուսս էլ հիվանդ ենք:

Պապայի հետ քիչ նկար ունեմ: Դե երկար տարիներ ինքը չկար` բանտում էր: Իսկ երբ որ կար, ինքն էր նկարողը: Վերջերս փորձում էի փրկել Աշուկինոյի մեր ամառանոցի շրջանից մնացած սլայդերը (1965-1970): Շատ էի սիրում դրանք, էն թվերի համար` լավ պայծառ էին ու ահավոր հավես, բայց լրիվ խամրել են արդեն, գրեթե ջնջվել: 

Պապայի հետ էս մեկն ա քիչ թե շատ պահպանվել: Իմ կորուսյալ դրախտի տարիներն են: Սոնան արևային լոգանք ա ընդունում: Լավ հիշում եմ, մամայի էս շորը: Շատ գեղեցիկ էր: Հաստ քաթանից, երկնագույն, խամրած դեղին ներդիրով: Էսօր, որ լիներ, կհագնեի, շատ նորաձև էր: Մամ…

Պապայի հետ էս մեկն ա քիչ թե շատ պահպանվել: Իմ կորուսյալ դրախտի տարիներն են: Սոնան արևային լոգանք ա ընդունում: Լավ հիշում եմ, մամայի էս շորը: Շատ գեղեցիկ էր: Հաստ քաթանից, երկնագույն, խամրած դեղին ներդիրով: Էսօր, որ լիներ, կհագնեի, շատ նորաձև էր: Մամաս, ընդհանրապես, շատ թիթիզ էր ու շատ նորաձև: Ու շատ սիրուն: Բայց էս հատվածը պապայիս էր նվիրված:Ճ

Պապաս էլ էր թիթիզ, բայց ուրիշ իմաստով: Պապաս իմ իմացած ամենախելացի, ամենահետաքրքիր, ամենագրագետ, ամենատաղանդավոր մարդկանից մեկն էր: Բայց ոչ շատ գեղեցիկ ու տաղանադավոր կերպով վառեց իր կյանքը: 60-ականները, թերևս, իր համար էլ էին կորուսյալ դրախտի տարիներ։ Նա աշխատում էր Մոսկվայում,  ապրում էր բուռն ու հետաքրքիր կյանքով, շրջապատված տաղանդավոր ու հետաքրքիր ընկերներով, որոնց թվում էին Տարկովսկին, Վիսոցկին, Լյովա Քոչարյանը, Շուկշինը, Յուզ Ալեշկովսկին, Յունա Մորիցը և այլոք։ Ահա էստեղ Արթուր Մակարովի հիշողություններից մի հատված իրենց այսպես կոչված «առաջին հավաքականի» մասին։ Եվ թեպետ ինքը քրեագետ էր, հոգով, անշուշտ, ազատ արվեստագետ էր։ Նա զիլ նկարում էր, գրում, կինո նկարահանում, լուսանկարում, մուլտիկներ սարքում, անվերջ ինչ-որ արտասովոր պրոյեկտներ մոգոնում։ Ու խմում:

Ես բավականին բարդ հարաբերություններ եմ ունեցել հետը: Դե ազատվելուց հետո շատ էր խմում, ու ես չէի դիմանում: Դաժան էի, ինչպես միայն երեխաները կարող են դաժան լինել, չէի հանդուրժում: Մինչև էդ շատ էի կապված: Ու ինքն, իհարկե, չնայած ամեն ինչի, հանճարեղ պապա էր: Նույնիսկ բանտում անցկացրած ութ տարիների ընթացքում հեռվից-հեռու հաջողացնում էր ինձ հետաքրքիր ու բուռն ստեղծագործ կյանք ապահովել: Իր շարունակելի ու հնարամիտ խաղ-նամակների շնորհիվ ես միշտ զգում էի նրա ներկայությունն ու նուրբ ուղղորդումը: Ու երբեք չեմ զգացել, որ առանց հայր եմ մեծանում: 

Հետաքրքիր ա, որ ինձանից երկար ժամանակ փորձում էին թաքցնել, որ ինքը բանտում ա։ Ասում էին, որ ինչ-որ հիվանդանոցում ա, թե առողջարանում։ Բայց դե փոքր Սոնային խաբելը հեշտ չէր, ես բավականին շուտ էի գլխի ընկել։ Ու իմ հերթին երկար ժամանակ թաքցնում էի, որ գիտեմ։ Մեծերի սուտն ինձ համար նողկալի էր ու զավեշտալի։ Ու ես որոշել էի անցկացնել իմ սեփական հետախուզությունը։ Հետախուզությանս արդյունքում պարզվեց, որ հայրս անմեղ է և արդար, որ տեղի է ունեցել դավաճանություն, և սրիկա ու վախկոտ դավաճանն իր դավաճանությունից հետո անհետ կորել է երկրի երեսից, որովհետև սարսափում էր պապայիս ընկերների արդար դատաստանից։

Կալանքում գտնվելու տարիների ընթացքում պապայի ընկերների թիվը զգալի կերպով ընդարձակվեց, ներառելով ամենատարբեր խավերի ու ճակատագրերի մարդկանց։ Հայրս միշտ շատ նիհար էր ու փոքր-մոքր, բայց, տարօրինակ կերպով, բանտում նրան սիրում և հարգում էին գրեթե բոլորը։ Հիշում եմ, դպրոցից հետո, կանգառում ավտոբուս սպասելիս ընկերներիս հետ կանգնած եմ, մեկ էլ հանկարծ մի ավտո գալիս, անիվները ճռռացնելով, կտրուկ կանգնում ա դեմս, մեջից մի հաստափոր, անթրաշ, սարսափազդու տիպ ա դուրս գալիս, ավտոյի դուռը շրխկացնելով, ու,  վախենալու, խռպոտ ձենով, թե բա. «դու Ռևիկի աղջիկն ես, չէ՞, վա՜յ, ես քու ցավը տանեմ, բա դու գիտե՞ս քո հերն ի՞նչ մարդ ա», և այլն, և այլն… Էդպես մի քանի անգամ ա եղել, լուրջ։