Իմ այս խառնապատումը...

… սկսեցի երևի թե 2017-ի սկզբներին: Նոր նոութբուք էի գնել ու փորձարկում էի հայկական ստեղնաշարը: Հետո գնաց… հավեսի ընկա: Հետո մի պահ ահավոր զզվեցի, տեսնելով, որ տաղտկալի հուշապատում եմ դարձնում, սատկացնելով կենդանի հիշողություններս, որ թեև գնալով խամրում են ու կորչում մշուշի մեջ, բայց միևնույն է դեռ կենդանի են, հարափոփոխ, շնչում են երազի շնչով… Մի կողմ դրեցի բավականին երկար ժամանակով, հետո տարիներ անց էլի բացեցի ու մի քիչ էլ բզբզեցի, էլի զզվեցի, բայց արդեն մի տեսակ «խոդի» էի ընկել ու որոշեցի, որ կֆիքսեմ միայն այն դրվագները, որ հանգուցային են ու կարևոր` տարատեսակ բաներ հասկանալու համար: Դրանք հիմանկանում վերաբերում են իմ մանկությանը, մինչև 12 տարին լրանալս, քանի որ դա այն տարիքն էր, որն ինքս ինձ փոքրուց կարգել էի որպես «մանկության կորստի» տարիք, և, թերևս, այդպես էլ եղավ ինչ-որ չափով, համենայն դեպս ինչ-որ բան կտրուկ փոխվեց, ես կամովի հրաժեշտ տվեցի իմ «գեր-էությանը» և ամեն ջանք գործադրեցի, որ մերվեմ հասկակիցներիս, դառնամ «նորմալ»: Այդ բավականին ցավալի պրոցեսը տևեց մոտ երկու տարի և կարող եմ որոշ հպարտությամբ արձանագրել, որ նոր «ռուսական» դպրոցի 7-րդ դասարան մուտք գործեց մի բոլորովին նոր Սոնա` ակտիվ, զվարճասեր, մարդամոտ էքստրավերտ, որի «լավագույն ընկեր» արժանանալու պատվի համար նույնիսկ բուռն կռիվներ էին ընթանում դպրոցում (իմ ու Զառայի էս նկարը վկա)։ Բայց այդ շրջանն ու դրանից հետոն արդեն իմ այս գրի նյութը չեն… 

Բայց քանի որ այս տեքստը հենց սկզբից համարել եմ բացարձակ ազատ տարածք, իմ Տերությունը, որի սահմաններում «ինչ ուզեմ կանեմ», ես առանձնապես ճիգ չեմ գործադրել ինչ-ինչ ֆորմատ պահելու կամ սահմանափակումներ մտցնելու համար: Գրում էի «ոնց գրվեց` գրվեց» սկզբունքով: Այդ իսկ պատճառով այն դարձել է իրական «խառնապատում», ընդգրկելով բազմաթիվ դրվագներ շատ ավելի հասուն տարիքիցս, ինչպես նաև պատահական ընթացիկ մտորումներ ու պատառիկներ: Բայց  սեփական տերություն կառուցելիս չես ուզենա, որ այն լրիվ տձև և տգեղ լինի: Եվ ինչ-որ պահի ես որոշեցի, որ կարելի ա այս խառնակույտը փոքր ինչ կարգի բերել: Իսկ ի՞նչ կլինի, որ առիթից օգտվեմ ու էս անկապ ցեխագունդը դարձնեմ իսկական մրջնանոց, բերեմ-խոթեմ այստեղ իմ ունցեցած-չունեցածը, պահ տամ իմ ողջ «ժառանգությունը»: Այդպես ձևավորվեց հիպերտեքստի հնարավորություններն օգտագործելու գաղափարը: Ու ես սկսեցի ջանասեր մրջյունի նման փնտրել էստեղ-էնտեղ, թե էլ ինչ կարելի է բերել պահ տալ իմ այս գնալով ընդարձակվող, ուրճացող, բայց, այդուհանդերձ, ինձ համար ավելի գրավիչ ու հարմարավետ դարձող տարածքում:

Թե ինչքանով էս ամենը կհետաքրքրի քե՜զ, սիրելի ընթերցող, դա հարց է, իհարկե: Բայց ինձ` հետաքրքիր է: Ու հավես: Հերթական մի խաղ, որով լցնում եմ կյանքս: Բայց դու կաս իմ այդ խաղում: Հենց սկզբից: Եվ հույս ունեմ, որ կօգնես ինձ հասնել մինչև հաղթական ավարտ: Ճիշտն ասած, ես քեզ այնքան էլ լավ չեմ պատկերացնում, դեմքդ անընդհատ փոփոխվում ա… Թերևս ինքս ինձ եմ դիմում, բայց պիտի առանձնացնեմ ներքին գրողին ներքին ընթերցողիցս, որ մի բան ստացվի։ Դու ինձ պետք ես՝ գոնե գրելու ընթացքում։ Եվ դիմում եմ քեզ Վիրջինիա Վուլֆի խոսքերով. «And will you come to my help by guessing what I mean?»

Բրիսբեն, 2020թ։