Մառայի աղջիկները:
Ես արդեն հինգ տարեկան էի, երբ ծնվեց Գոհարիկը: Ասել է թե շատ ավելի մեծ էի ու աշխարհից չափազանց ավելի շատ բան էի հասկանում: Եվ, ինչ խոսք, շատ գոհ ու հպարտ էի էդ կապակցությամբ: Ա՜յ էս ներքևի նկարները շատ լավ են, ըստ իս, արտացոլում իմ ինքնազգացողությունը աշխարհի երես Կուկուշկայի գալու առիթով: Մամաս էր նրան Կուկուշկա կնքել: Չգիտեմ, արդեն ինչ կապակցությամբ։
Կուկուշկան անվերջ դժգոհ էր ու անդադար զռռում էր: Էնքան էր զռռում, որ ձայնը կտրվել էր լրիվ։ Բայց երբ հիմար մեծերը վերջ ի վերջո հասկանում էին նրա ուզածը, ինչն, ըստ ամենայնի, այդքան էլ հաճախ չէր պատահում, նրա դեմքը լուսավորվում էր անկրկնելի ժպիտով, որը բոլոր այդ հիմար մեծերին անչափ հիացնում էր: Հետո Կուկուշկան մեծացավ ու դարձավ Գոհարիկ, և աշխարհ եկավ փոքրիկ Անուշիկը։
Հիշում եմ, որ մեծերը միահամուռ ասում էին, որ նա իսկական Կլեոպատրան է։ Ես, ճիշտն ասած, բարուրած փաթեթն եմ միայն հիշում։ Ընդհանրապես շատ աղոտ եմ հիշում իրենց պստիկ հասակում, մինչև լեզու առան ու հնարավոր դարձավ հետները քիչ թե շատ շփվել։ Կարծես թե, այդ թվերին ապրում էին ընտանիքով «Օմար-Խայամի» խորհրդավոր անունը կրող խորհրդավոր վայրում, և մենք իրենց հազվադեպ էինք տեսնում։ Մի անգամ մամայիս հետ գնացել էինք իրենց այցելելու։ Մութ, երկար պուրակի մեջտեղը մի դուռ էր (ոչ շենք կար, ոչ շինություն, միայն դուռ), որը բացվեց դեպի աղոտ լույսով լուսվորված մի խուց, որի ամբողջ տարածքը զբաղեցում էին նեղլիկ մահճակալն ու զգեստապահարանը։ Էդպես եմ հիշում ու էդքանը։ Մեկ էլ զարմանքս՝ այդ բավական սյուռեալ տեսարանից։
Մի քանի տարի հետո, երբ քույրիկներն արդեն լեզու առան, ես որոշեցի, որ ժամանակն է զբաղվել իրենց դաստիարակությամբ, և բավական ագրեսիվ փորձում էի կյանք սովորեցնել Գոհարիկին, ինչին նա միշտ դիմադրում էր, զզվելի ձայնով հակադարձելով ինձ իր, չգիտեմ, թե որտեղից լսած, «Յա, քեզ ո՞վ խաբեց...» արտահայտությունը։
Անուշիկն, ընդհանրապես, առեղծված էր, և ապրում էր ինձ համար լիովին անըմբռնելի կյանքով։ Կարագն ուտում էր պաղպաղակի նման «պաչկայից» կրծելով, թաքուն կտրատում էր տատիկենց տան վարագույրների եզրերը ու պահ տալիս տան տարբեր անկյուններում այլ փայլփլուն իրերի հետ մեկտեղ, իսկ ամենասարսափելին ու ինձ համար անըմբռնելին՝ իր սեփական կամքով իջնում էր բակ և կորչում այնտեղ` թաղի տաղտկալի երեխաների հետ տաղտկալի խաղեր խաղալով։ Գիրք կարդալու առաջարկին Անուշիկը հպարտ հայտարարում էր, որ «կյանքից է սովորում»։ Եվ, իրոք, նա մեծանում էր վայրի գազանիկի նման և չէր ենթարկվում որևէ մշակման կամ սանձահարման։ «Էս երեխեն Աստծու կրակ ա» մեծերից մեկի նկատողությանը Գոհարիկը, մի բարի օր բարալիկ ձայնով անդրադարձավ՝ «իսկ ես Աստծո գառն եմ»։ Այո, փոքրիկ Գոհարիկը, թեև նույնպես բավականին համառ էր, բայց մի տեսակ «ինքնըստինքյան» խելոք ու շատ ավելի հանգիստ ու զուսպ։
Անցան տարիներ և քույրիկները տեղերով փոխվեցին, Գոհարիկը դարձավ կրակ, իսկ Անուշը վերածվեց գառան, իսկ թե էդ ոնց եղավ, երբ և ինչպես, էդ էլ արդեն թող իրենք պատմեն։ Դա իրենց պատմությունն ա: Պատմելու շատ բան ունեն։
Մի խոսքով, քույրիկներին «դաստիարակելու» ապարդյուն փորձերն, ինձ, այդուհանդերձ, թևաթափ չարեցին։ Ես զգում էի, որ չեմ կարող պարզապես ձեռք քաշել նման հարստությունից։ Եվ առիթը բաց չէի թողնում ցուցադրելու նրանց իմ գերակայությունը, արտակարգությունը և գերազանցությունը։ Հիշում եմ, հաճախ, Փոքր սենյակում, Ռուզանի նեղլիկ թախտին վեր ընգած, ոտքերս ցցած, պահանջում էի, որ նրանք ինձ խուտուտ տան կամ հովհարեն թագուհու նման, ընթացքում լսելով իմ սիրային բուռն կյանքի վերջին ցնցող նորությունները։ Ինչ-որ չափով ներգրավում էի իմ խաղերի մեջ, ասիստենտների դերերում միայն, երբեմն դրսևորելով աննախադեպ դաժանություն։ Ու էդպես… մինչև որ տարիները չհարթեցին մեր տարիքային տարբերությունը։ Ասել է, թե մենք մեծացանք: Իսկ թե էդ երբ եղավ ու ոնց՝ արդեն լավ չեմ հիշում։